Մտավոր սեփականության իրավունքներ

Հայաստանում գիտակցում են, որ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության արդյունավետ և կիրառելի համակարգի կայացմանն ուղղված բարեփոխումները Հայաստանում կխթանեն մշակույթը, գիտությունը և նորարարությունը։ Այսպիսի համակարգը նաև կբարելավի երկրի ներդրումային միջավայրը և համաշխարհային գիտելիքահեն տնտեսության մեջ մրցակցելու կարողությունը։ Բացի դրանից, կիրարկման արդյունավետ համակարգը հանրային առողջապահության և անվտանգության, սպառողների պաշտպանության և շուկայական մրցակցության համար մեծ նշանակություն կունենա։

Հայաստանի մտավոր սեփականության գործակալությունն առանցքային դեր ունի այս հարցում։ Կեղծարարության և հենության դեմ պայքարին օժանդակող միջգերատեսչական հանձնաժողովը ստեղծվել է այս ոլորտում ստանձնած քաղաքական պարտավորությունների շրջանակներում։ Կառավարական այս մարմնի կազմում ընդգրկված են պետական և մասնավոր հատվածների ներկայացուցիչներ։ Այն ղեկավարում է Էկոնոմիկայի նախարարը։

Օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումներ

Բարեփոխումների ներկա ռազմավարության մեջ կարևորվում է հետևյալը.

  • Օրենսդրական բարեփոխումներ, որոնք կապահովեն Հայաստանում մտավոր սեփականության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության, ինչպես նաև այդ օրենսդրության կիրառման համապատասխանությունը եվրոպական և միջազգային չափանիշներին:
  • Իրավապահ մարմինների, ինչպես օրինակ՝ ոստիկանության, մաքսային և դատական համակարգի մարմինների ինստիտուցիոնալ բարեփոխումներ:
  • Տարբեր շահառուների, այդ թվում՝ հանրության իրազեկության բարձրացմանն ուղղված աշխատանքներ. Հայաստանի քաղաքացիական հասարակության և գործարար համայնքի ազդեցությունն արդյունավետ համակարգի համար կենսական նշանակություն ունի:
  • Արմատական բարեփոխումներ, որոնք Հայաստանի և Եվրոպական միության միջև Ասոցացման համաձայնագրի շրջանակներում Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ) մեկնարկի և դրա վերաբերյալ հաջող բանակցությունների համար բարենպաստ կլինեն:

Մաքսային հսկողություն

Նախորդ համաձայնագրերը, այդ թվում՝ Եվրոպական միության և Հայաստանի միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագիրն արդեն ընդգծել են գործարարության և ներդրումների վրա ազդող իրավական դրույթներում մտավոր սեփականության իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը։ Եվրոպական հարևանության քաղաքականության Գործողությունների ծրագրի ամենավերջին տարբերակով նաև նախատեսվում են մի շարք գործողություններ, որոնք կապահովեն մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը և համապատասխանություն եվրոպական ու միջազգային ստանդարտներին, ներառյալ՝ մաքսային ծառայությունների վերահսկողությունը կեղծված ապրանքների ներմուծման և արտահանման նկատմամբ։