Պետական կառավարում
Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների առաջնահերթություններից մեկը ժողովրդավարական կառույցների և օրենքի գերակայության ամրապնդումն է։ Դրա կարևոր հայեցակետերից է նախարարությունների և գործակալությունների աշխատանքի կարգավորումը։ Պետական կառավարման բարեփոխումը «Հանրային ծառայության մասին» օրենքի ընդունմամբ մի նոր փուլ մտավ։ Հետագա բարեփոխումներ են անհրաժեշտ հանրային ծառայության համակարգի օպերատիվությունը, արդյունավետությունը և թափանցիկությունը շարունակաբար բարելավելու համար՝ այն եվրոպական չափանիշներին մոտեցնելու միջոցով, որի արդյունքում համակարգն էլ ավելի կուղղվի դեպի քաղաքացին, կդառնա առավել հաշվետվողական և թափանցիկ։
Հայաստանի պետական կառավարման համակարգի աշխատանքը և թափանցիկությունը բարելավելու համար ԵՄ խորհրդատվական խումբը սերտորեն համագործակցում է Կառավարության աշխատակազմի հետ։ Պետական կառավարման ոլորտի բարեփոխումների իրականացման նպատակով առաջնային քայլերն արդեն նախանշվել են և քննարկվում են Հայաստանի իշխանությունների հետ երկխոսության շրջանակներում։ Կառավարության աշխատակազմին տրամադրվող աջակցության հատուկ ոլորտները ներառում են՝
- «Քաղաքացիական ծառայության մասին» և «Հանրային ծառայության մասին» օրենքների վերանայում և ԵՄ լավագույն փորձին համապատասխան բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում:
- «Հանրային ծառայության մասին» օրենքի կիրարկման հարցում օժանդակություն՝ քաղաքականությունների և շահերի բախման ու ակտիվների դիտանցման մեխանիզմների վերաբերյալ կանոնակարգերի նախագծերի մշակման միջոցով:
- Կառավարության գործակալությունների և քաղաքացիական հասարակության միջև խորհրդակցությունները դյուրացնող կանոնակարգերի մշակում:
- Քաղաքացիամետ մեխանիզմների ներդրման վերաբերյալ քաղաքականության հարցերով խորհրդատվություն:
- Կառավարության՝ գործարար համայնքին և քաղաքացիական հասարակությանը տրամադրվող ծառայությունների որակի չափման նպատակով որակի հսկողության համակարգի մշակում:
- Ֆինանսավորման հոսքերը և բարեփոխումների իրականացման մեթոդները նախանշելու հարցում աջակցություն:
