Առևտուր
Եվրոպական միությունը նպատակ ունի խթանելու Հայաստանի սոցիալ–տնտեսական զարգացումը՝ նպաստելով կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի իրականացմանը։ Հայաստանի և Եվրոպական միության կողմից առանձնացված առանցքային գերակայություններն են ներդրումային միջավայրի բարելավումը, մասնավոր հատվածի միջոցով ապահովվող աճի խթանումը և տնտեսական օրենսդրության ու վարչական գործելակերպի հետագա համապատասխանեցումը ԵՄ չափանիշներին։
ԵՄ խորհրդատվական խումբը համագործակցում է կառավարական այն մարմինների հետ, որոնց աշխատանքների համակարգմամբ զբաղվում է Էկոնոմիկայի նախարարությունը և որոնց գործունեությունն առնչվում է առևտրին և առևտրի հետ կապված հարցերին։ Այդ համագործակցությունը ներառում է առևտրի տեխնիկական խոչընդոտներին, սանիտարական և բուսասանիտարական ոլորտին, առևտրի դյուրացմանը և մաքսային վարչարարությանը, ապրանքների ծագման կանոններին և մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրների հաղթահարմանն ուղղված քայլեր։ Այսպիսի աշխատանքներն օգնում են Հայաստանին նախապատրաստվել Եվրոպական միության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի հետագա համաձայնագրին (ԽՀԱԱՀ)։ Մասնավորապես, ԵՄ խորհրդատվական խումբն աջակցում է Էկոնոմիկայի նախարարությանը՝
- ԽՀԱԱԳ–ի բանակցություններին Հայաստանի պատրաստվածության վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի հիմնական առաջարկությունները Հայաստանի իշխանություններին տրամադրելու հարցում:
- Ռազմավարական հարցերում՝ տրամադրելով իրավական տեքստերի և ծրագրային փաստաթղթերի, ինչպես օրինակ՝ սննդի անվտանգության և որակի ենթակառուցվածքի ռազմավարությունների վերաբերյալ խորհրդատվություն:
- Հայաստանի տնտեսավարող սուբյեկտների մրցունակությունը բարելավելու և դեպի զարգացած շուկաներ նրանց մուտքը դյուրացնելու հարցում՝ ստեղծելով (ամրապնդելով) անկախ ինստիտուցիոնալ համակարգ և ազգային կարողություններ այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են տեխնիկական կանոնակարգումը, ստանդարտացումը, չափագիտությունը, համապատասխանության գնահատումը, ներառյալ՝ հավատարմագրումը և շուկայի վերահսկողությունը:
- Նորարարությունը, ստեղծարարությունը, արդար մրցակցությունը և մրցունակությունը զարգացնելու հարցում՝ մտավոր սեփականության իրավունքների պաշտպանությունը և կիրառումը բարելավելու միջոցով։ Կեղծված ապրանքների՝ առողջությանը հասցվող վնասների նվազեցումը մեկ այլ նպատակ է, որի ուղղությամբ իրականացվում են օրենսդրական և ընթացակարգային բարեփոխումներ, վերապատրաստման և իրազեկության բարձրացման նախաձեռնություններ, ինչպես նաև ռազմավարության հետ կապված խորհրդատվություն:
- Հայաստանից Եվրոպական միություն արտահանումը խթանելու հարցում՝ փոքր և միջին ձեռնարկությունների շրջանում (ՓՄՁ–ներ) բարձրացնելով արտահանման հնարավորությունների վերաբերյալ իրազեկությունը:
